15.11.2024
ԱՄՆ վիզան թանկացավ
prev Նախորդ նորություն

Կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը:


Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով կարգավորվում է կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը:


Նշվել է, որ նախագծի նպատակը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակումն է եւ մինչեւ շինարարության ավարտը կառուցապատողների համար հատուկ հաշվի միջոցների հասանելիության վերացումը:


Հեղինակը, հանգամանալի ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը, փաստել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիպոտեկով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպմամբ, մասնավորապես, անհրաժեշտ է սահմանափակել հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորությունը, քանի որ ներկայիս կարգավորումները բերել են նրան, որ գործնականում կառուցապատողները մինչեւ շինարարության ավարտը ստանում են հատուկ` Էսքրոու հաշիվ (հատուկ բանկային հաշիվ է, որին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը` դրա դեպոնացման պայմանով):


Ըստ նրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը` հասանելիություն ունենալով պայմանագրի հիման վրա բացված հատուկ հաշվի միջոցներին, ապա առաջանում են ռիսկեր կապված նրա հետ, թե ինչ միջոցներով պետք է շարունակվի շենքի հետագա կառուցապատումը: Այդ տնտեսական ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է օրենսգրքում կատարել վերոնշյալ փոփոխությունը` զերծ պահելով թե’ գնորդին, թե’ կառուցապատող կազմակերպությանը, թե’ բանկին անհարկի տնտեսական ռիսկեր կրելուց:


Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ նախագծում կատարվել է երկու փոփոխություն: Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ կառուցապատման հատուկ հաշվի մնացորդի դիմաց վճարման ենթակա տոկոսները չեն կարող փոխանցվել կառուցապատողի սովորական բանկային հաշիվներին եւ չեն կարող տնօրինվել կառուցապատողի կողմից մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը:


Առաջարկվում է տոկոսների վերաբերյալ կետը հանել, որպեսզի, ըստ Գեւորգ Պապոյանի, շինարարն այդ տոկոսները ստանա եւ կարողանա շինարարությունն ավարտել:


Կառուցապատողների համար հատուկ հաշվի միջոցների հասանելիության ոչ թե 100, այլ 75 տոկոս սահմանափակում է առաջարկվում: Նշվել է, որ այդ 25 տոկոսին շինարարը կունենա հասանելիություն` կառուցապատումն ավարտելու համար:


«Առաջարկում եմ կողմ քվեարկել նշված փոփոխությունների հաստատմանը, քանի որ դրանք ուղղված են մի կողմից սպառողների շահերի պաշտպանմանը, մյուս կողմից` թույլ չեն տալու գնաճ եւ նպաստելու են սպառողների վստահության բարձրացմանը»,- ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը հետաքրքրվել է` արդյո՞ք դիտարկվել են այլ տարբերակներ Երեւան քաղաքից դուրս շենքերի կառուցումը խթանելու համար, ինչը կօգնի նաեւ խուսափել գերծանրաբեռնվածությունից, ինչին ի պատասխան` Գեւորգ Պապոյանը նշել է, որ չի բացառում հետագայում մարզերում կատարվող շինարարական աշխատանքների սուբսիդավորումը:


Հարակից զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշել է, որ Կառավարությունն իր հավանությունն է տվել նախագծի սկզբնական տարբերակին, իսկ առաջարկված փոփոխությունները մինչեւ երկրորդ ընթերցում կքննարկվեն նաեւ Կառավարության կողմից:


Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի կողմից:


Առաջարկվել է այն ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


 

ՌԴ-ի հետ աշխատելու ենք այնպես, որ չհայտնվենք Արևմուտքի պատժամիջոցների տակ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը