Բախի երաժշտությունը Ստրադիվարիուսի ջութակով. լեգենդար Լեոնիդաս Կավակոսը գալիս է Երևան
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ շուրջ քսան տարուց ավել Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:
Նա մեր օրերի ականավոր, վիրտուոզ երաժիշներից է, որի բացառիկ վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունն:
Նա առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում : Նա ձայնագրվում է BIS, ECM և «Sony Classical» ընկերությունների համար։
Լեոնիդաս Կավակոսը ծնվել է 1967 թ. Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի և Ֆերենց Ռադոսի հետ միասին։
21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, Կավակոսը ձեռք բերեց համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացավ «Gramophone» մրցանակի:
2017 թ. Կավակոսին շնորհվեց դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիսք են Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը, Յեհուդի Մենուհինը, Դմիտրի Շոստակովիչը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ։
2009 թ. «Sony Classical» ստուդիայում Մենդելսոնի ջութակի կոնցերտի ձայնագրման համար, կոնցերտի լավագույն ձայնագրություն անվանակարգում, Կավակոսն արժանացել է «ECHO Klassik» մրցանակին, իսկ 2012 թ., «Decca Classics» ստուդիայում Բեթհովենի ջութակի բոլոր սոնատների (Էնրիկո Փեյսի հետ) ձայնագրման համար` «Տարվա գործիքավորող» կոչմանը և ECHO Klassik մրցանակին: 2014 թ. «Gramophone» ամսագիրը Կավակոսին շնորհել է «Տարվա արտիստ» տիտղոսը։
Նա ղեկավարել է Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայի, Վիեննայի սիմֆոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր, իսկ 2007 թ. ղեկավարում է Զալցբուրգի կամերային նվագախումբը (Կամերատա Զալցբուրգ):
Լեոնիդաս Կավակոսը եղել է 2015 թ. Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի ջութակի մրցույթի ժյուրիի անդամ։
Նա ուսումնասիրում է հին և ժամանակակից ջութակների ու աղեղների պատրաստման սկզբունքները, ով ունի նաև ժամանակակից վարպետների ստեղծած ջութակների ու աղեղների բացառիկ հավաքածու։ Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1724 թ. պատրաստած ջութակով: