25.11.2024
Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել
prev Նախորդ նորություն

Ովքե՞ր տարկետում կստանան

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:


«Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը` առողջական վիճակը, ընտանեկան պայմանները կամ որոշ այլ հիմքեր»,- նշել է զեկուցողը եւ հավելել` նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասով նաեւ տարկետում է տրվում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին: Այդ տարկետումը տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Օրենքում առկա որոշ կետերի համաձայն` վերոնշյալ հիմքերով տարկետումը երկարացնելու կամ տարկետում տալու հնարավորություն կա, եթե անձի 19 տարին արդեն լրացել է, բայց նա դեռեւս չի ավարտել դպրոցը, քոլեջը կամ ուսումնարանը, եւ այդ պարագայում նրան օրենքի ուժով տրվում է տարկետում:


Նախարարի խոսքով ձեւակերպումներում կան խնդրահարույց կետեր: «Եթե մենք ունենք դպրոցում սովորող 19 տարին լրացած աշակերտ, որը դեռեւս չի ավարտել ուսումնառությունը եւ զորակոչի համար անցնում է բժշկական զննության անհրաժեշտ փուլերը, օրենքի գործող կարգավորումը չի հստակեցնում հիմքերը: Այսինքն` եթե անձը միաժամանակ ունենում է նաեւ տարկետում բժշկական հիմքով կամ ընտանեկան վիճակից ելնելով, ապա սա ստեղծում է լրացուցիչ բարդություններ նրա ուսումնառության անընդհատության նպատակով տարկետման որոշման կայացման համար»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:


Փոփոխությունների նպատակն է չվտանգել անձի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը` անկախ այն հանգամանքից, թե որ հիմքով է տրվել նախորդ տարկետումը:


Կառավարությունն առաջարկել է նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Առաջարկն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:


Հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնության ընդունումը:


Հարցը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: