25.11.2024
Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մտահոգ է հայկական ժառանգությանը սպառնալիքներով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկել է Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։


Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։


Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։


ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։


ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։