26.11.2024
Փորձագետ. Քլինթոնը բալանսավորված քաղաքականություն է վարելու ղարաբաղյան հարցում
prev Նախորդ նորություն

Քոչարյան. ՀՀ-ն ձգտելու է ստանալ առավելագույն արտոնություններ Իրանի հետ առևտրային ռեժիմում

Երբ մենք զգացինք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, անմիջապես նախաձեռնեցինք արտոնյալ առևտրային ռեժիմի համաձայնագիր ունենալու գործընթացը: Հայաստանը ձևավորեց համապատասխան աշխատանքային խումբ և այդ աշխատանքները իրականացվեցին: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը հենց Հայաստանի նախաձեռնությամբ սկսեց Իրանի հետ քննարկել արտոնյալ առևտրային ռեժիմի համաձայնագիր ունենալու հարցը և Հայաստանը՝ և՛ որպես նախաձեռնող կողմ, և՛ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, շահագրգռված է համագործակցությամբ:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը ձգտելու է ստանալ առավելագույն արտոնություններ՝ կապված ապրանքների արտահանման հետ, քանզի Իրանում մաքսատուրքերը բավականին բարձր են.

«Գտնվելով պատժամիջոցների տակ՝ Իրանը հայտնվել է ինքնաբավ տնտեսություն ստեղծելու իրավիճակում և մինչ օրս էլ խստորեն պահպանում է ներքին շուկան և բարձր մաքսատուրքները դրանով են պայմանավորված: Բանակցությունները բավականին բարդ են, սակայն մենք ակնկալում ենք, որ կունենանք որոշակի արդյունքներ թե՛ երկկողմ համագործակցության, թե՛ ԵԱՏՄ-ի հետ սպասվող համաձայնագրի առումով»,- հայտարարեց փոխարտգործնախարարը: