Ադրբեջանցիները կրակել են արցախցի ֆերմերի ուղղությամբ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ապրիլի 28-ին ժամը 12:15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով նշված տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։
Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։