Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ:
Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու հարցում։ Մինչդեռ հանրային բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները:
Ցանկացած հարցի վերաբերյալ հանրային ազատ բանավեճը ժողովրդավարական հասարակության կարևոր ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր քննարկում պետք է ընթանա կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն տարածվում կամ ում է հասցեագրված, անընդունելի է, լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվի հանրային խոսքից ու հանրային հարաբերությունների տիրույթից։
Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն է հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանի մանդատն ուղղակիորեն չի առնչվում պետական իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունների կանոնակարգմանը, եթե խնդիրը չի հանգում կոնկրետ անհատական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, պաշտոնատար անձանց հրապարակային խոսքը, նրանց փոխհարաբերություններն ու այդ առումով առկա խնդիրները էական ազդեցություն են ունենում նաև մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի վրա:
Այս տեսանկյունից հատկապես կարևոր է խորհրդարանում հնչող խոսքի և վարքագծի իրավաչափությունը՝ որպես հանրության լայն շերտերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների գլխավոր հարթակ։ Ուստի կարևոր է, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունները, քաղաքական և այլ հանրային գործունեության համար ընտրվող մեթոդաբանությունը համապատասխանեն իրավաչափության վերը նշված չափանիշներին: Ցանկացած քաղաքական բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում՝ վիրավորանքը, արժանապատվության նվաստացումը, ատելության խոսքն ու բռնության քարոզը:
Հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող ուղղակի պարտականություն ունի պահպանելու վարքագծի կանոնները,իր խոսքով ու վարքագծով բացառելու և մեղմելու հանրային բևեռացումը, բռնությունը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Ավելին, կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից առանցքային է, որպեսզի այդ հանգամանքը նկատի ունենան նաև հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մեր հասարակությունում առկա քաղաքական և հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության և իրավունքի գերակայության երաշխավորման ճանապարհին: