Իրավիճակն իսկապես բարդ է. Պեսկովը մեկնաբանել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը
Կրեմլը հայտարարել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հետ կապված հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը՝ իրականացնելու նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը կշարունակի աշխատել դրա վրա Երևանի և Բաքվի հետ միասին»:
«Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակն իսկապես բարդ է, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորը՝ նշված երկրներից պահանջում է հասկանալ, որ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,– հավելել է Պեսկովը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը կիրակի օրը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին, Լաչինի միջանցքում, անցակետի տեղադրման մասին։