ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն ապրում է անվտանգության ճգնաժամ, սակայն այդ ճգնաժամը ստեղծվել է շատ ավելի վաղ:
Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նա ընդդիմության բոլոր փաստարկները սխալ որակեց՝ նշելով, որ ամեն ինչ փայլուն ու վարդագույն չէ, իհարկե: «Իսկ եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւմ է խնդիրը: Խնդիրն այն է, որ մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ: Մեծ անորոշություններ կան: Եվ պետք է ուղիղ ասել, որ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ: Այո, դա պետք է ասել, և սրա պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել»,-վստահեցրեց Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմության կոչերին, որ իշխանությունը հեռանա՝ վարչապետն ասաց, որ իշխանությունը հեռացել է, և շատ ներկաներ ԱԺ-ում նստած են իշխանության հեռացման շնորհիվ:
«Ձեր տեղն ուրիշ մարդիկ էին նստած: Որ մենք չհեռանայինք, դուք այստեղ ի՞նչ էիք անում: Մենք հեռացել ենք, բայց չենք փախել: Մենք ժողովրդին ասել ենք՝ սա է, թող ընդդիմությունն էլ գա ասի, թե ինչը ոնց է, մենք էլ մեր տեսակետն ասենք, դուք էլ եղեք դատավոր: Ժողովուրդը դատավոր է եղել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը ռացիոնալ համարեց ընդդիմադիր պատգամավորների ոչ ուղիղ ասված խոսքը, որ այդ անվտանգային միջավայրում կառավարությունն ինչո՞ւ է խոսում ասֆալտապատման և այլ աշխատանքների մասին: Վարչապետը նշեց՝ գուցե այդ միլիարդներն ուղղեն անվտանգությանը, ասֆալտը՝ մի կողմ: «Սրա մեջ տրամաբանության կա: Բայց էլի ամբողջական չէ: Նախ ասֆալտը նույնպես անվտանգային խնդիր ունի: Ասֆալտը նաև զորքի, անվտանգային համակարգի շարժունակությունն է: Եվ երկրորդը՝ ո՞վ է ասել, որ մենք այսօր, օրինակ 5 մլրդ կամ, 1 մլրդ տվել ենք, կրկնակի տանք մեր բանակին կամ ցանկացած պետական կառույցի, այդ կառույցն ի վիճակի է ծախսել: Որովհետև մենք այստեղ ֆունդամենտալ խորը խնդիրներ ունենք՝ ինստիտուցիոնալից մինչև պրակտիկ: Մենք այսօր չենք կարողանում այդ գումարները լիարժեք ծախսել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,-ասաց Փաշինյանը:
Իսկ թե այդ ինչ անվտանգության ճգնաժամ է, Փաշինյանն ասաց. «Սա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապետության ճգնաժամն է: 2020 թվականին չի ստեղծվել այդ ճգնաժամը: Այն ստեղծվել է շատ ավելի շուտ: Տարեթվեր կարող ենք նշել. Հոկտեմբերի 27-ն էլ կարող ենք նշել, դա անվտանգային մեր ճարտարապետության խորքային և լրջագույն ճգնաժամի արտահայտություն էր»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իշխանություն է ստեղծել անվտանգային համակարգի այդ ճգնաժամը՝ Փաշինյանը առաջարկեց հետ գնալ 2011 թվական:
Դիմելով նախկին իշխանությանը՝ նա ասաց. «Շատ լավ դիվանագիտություն էիք վարում, շատ լավ առաջնորդ էիք: Բա այդ ո՞նց եղավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 3 մլրդի զենքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, դուք էլ գնացիք հեռվից, Արգենտինայում, թե Բրազիլիայում, դրա հետ կապված մտահոգություն հայտնեցինք»:
Ըստ նրա՝ այդ ճգնաժամը եղել է 2016-ին, նաև՝ դրանից առաջ: