«Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու Թագուհի Թովմասյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այն ընթացքում, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ձեռամբ չկար մարդու իրավունքների պաշտպան, իսկ մինչ այդ էլ կար ՔՊ–ի իրավունքների պաշտպան, Թագուհի Թովմասյանը զգալի ծավալով իր ուսերի վրա էր վերցրել նաեւ ՄԻՊ–ի գործառույթները։ Կարծում եմ, որ Թովմասյանի նման աշխատանքին պետք է լուռ հետեւել, գոնե չխանգարել»,– նշեց Մամիջանյանը՝ մեկնաբանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ինքը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց, որը շուտով կքննարկվի խմբակցությունում։
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական աղմկահայրույց միջադեպը քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջև: Թագուհի Թովմասյանը իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։
Նրան միացան մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողն ու հեռարձակումը, իսկ անվտանգության աշխատակիցներին էլ հրահանգեց դուրս բերել դահլիճից ընդդիմադիրներին: Դրան հաջորդեց հրմշտոց ու քաշքշուկ: