24.11.2024
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին
prev Նախորդ նորություն

Հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը». հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների միջև լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը: Այս մասին հայտարարություն են տարածել շուջ մեկ տասնյակ իրվապաշտպան ՀԿ-ներ:


«Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում և անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։


Քաղաքական գնահատականների և պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նորանոր խայտառակ իրավիճակների և դրանց արդարացման: Հանրային դժգոհությունները մնում են անարձագանք և հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը»:


2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում կրկին տեղի է ունեցել միջադեպ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, դրա նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ, որում ներգրավվել են անվտանգության ծառայության աշխատակիցները, հրահանգվել է անջատել եթերը, բռնությամբ դահլիճից հեռացվել են պատգամավորները: Որպես նախկին արարքի իրավական և քաղաքական հետևանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա։


Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս խստորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների, ատելության տարածման հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին և նրանց կողմից դրսևորվող այդպիսի վարքագիծը:


Կրկին պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից և մասնավորապես՝ քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել՝ դատապարտելու և բացառելու սեփական կուսակիցների անպատասխանատու վարքագիծը: ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը:


Կրկին հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ՝ այլ խորհրդարանականներին՝ պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորելու համար պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ հրաժարականի հարցը։ Մասնավորապես՝ ակնկալում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր քաղաքական մեծամասնության կողմից, եթե այն առհասարակ զգում է որևէ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների բարօրության համար:


Իրավապահ մարմիններից և, մասնավորապես, ՀՀ դատախազությունից ակնկալում ենք քաղաքական չեզոքության ու պրոֆեսիոնալիզմի դրսևորում և պատշաճ արձագանք քրեական հանցակազմ պարունակող դեպքերին:


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն


Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ


Իրազեկ քաղաքացիների միավորում


Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ


Հանրային լրագրության ակումբ


Խաղաղության երկխոսություն ՀԿ


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն


Ինֆորմացիայի ազատության կենտրոն


Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ


Փինք իրավապաշտպան ՀԿ