25.11.2024
«Գազպրոմ Արմենիա»-ն նոր գլխավոր տնօրեն ունի
prev Նախորդ նորություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պաշտպանում է ՀԱԿ նախաձեռնությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը.

«Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ կապված:


Այսպիսով՝ անցած 15 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքական գնահատական չտվեց իր բարձրաստիճան պաշտոնյայի զազրելի արարքին ու չնախաձեռնեց նրա պաշտոնանկությունը, այլ իր լռությամբ ու անուղղակի աջակցությամբ՝ ստանձնեց ԱԺ նախագահի քստմնելի արարքի քաղաքական պատասխանատվությունը:


ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», անշուշտ՝ առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով՝ բացահայտելով ամբողջ իշխանության ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի, նրա քաղաքացիների հանդեպ:


Ալեն Սիմոնյանը նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեր երկիրն ու ժողովուրդն արժանանալու են միջազգային հանրության, մեր գործընկերների արհամարհանքին: Այս հանգամանքն էապես ազդելու է պետական համակարգի հեղինակության վրա, ինչն էլ ավելի է ուժգնացնելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պաշտպանում է՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնությունը:


Սրանով հանդերձ, քիչ հավանական ենք համարում, որ անգամ այս հարցում քաղաքական և հանրային կոնսոլիդացիան կարող է ազդել իշխանության վարքագծի, որոշումների վրա:


Անհրաժեշտ ենք համարում՝ օր առաջ քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի կայացումը, որի նպատակը պետք է դառնա քաղաքական և բարոյական առումով մաշված իշխանության անհապաղ հեռացումը:


Այս հարցում պատրաստ ենք սերտ համագործակցության բոլոր քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ մեր բնական դաշնակից ՀԱԿ-ի հետ»,- ասված է հայտարարության մեջ: