Ավարտվել է 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների կողմից իրականացված մեծածավալ քննության արդյունքում դետալային ճշտությամբ վերականգնվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքի, ինչպես նաև՝ Շուշի քաղաքի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացված յուրային ստորաբաժանումների բոլոր գործողությունները, որոնց վերաբերյալ նախաքննությամբ ստացված՝ մանրամասն տվյալները կարևոր նշանակություն ունեն արցախյան 44-օրյա պատերազմի և ունեցած կորուստների հանգամանքների օբյեկտիվ վերհանման համար։
Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ հարցաքննություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, որոնք ընդմիջումներով կատարվել են օրեր շարունակ, առգրավվել և զննության են ենթարկվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր փաստաթղթերը, մարտական գործողությունների վարման քարտեզները, տեսագրությունները, իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ։
Քննությամբ հիմնավորվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի առաջին օրերին՝ 2020 թ․ սեպտեմբերի 28-ին, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07-ի սահմաններում, յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհ, որի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկաները, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայողի, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ և նույն օրը ժամը 09։50-ին յուրային ստորաբաժանումներին, զոհեր և վիրավորներ տալու գնով, հաջողվել է վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը։
Նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում բարձրաստիճան սպան «Արեգա» բարձունքի միջնամասում հանդիպել է հակագրոհի օպերացիան ղեկավարած զորամասի հրամանատարի տեղակալներին, օպերացիայում ներգրավված ստորաբաժանման ղեկավարին և տեղեկացել իրադրության մասին առ այն, որ «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ։
Ապա վերջինս, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և այդ վայրում որևէ մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ կարգադրություն կամ հրաման, ինչպես նաև այդպիսիք իրականացնելու լիազորություն, օժտված չլինելով հակագրոհի օպերացիայում ընդգրկված՝ յուրային ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորությամբ, օպերացիան փաստացի ղեկավարող սպային անհիմն հրամայել է ենթակա անձնակազմի հետ միասին թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել։
Վերջինս հրաժարվել է կատարել տրված հրամանը՝ պատճառաբանելով, որ «Արեգա» բարձունքն արդեն իսկ գտնվում է յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, իրենք զբաղեցնում են գերիշխող դիրք։ Բարձրաստիճան սպան կրկին պահանջել է կատարել իր հրամանը, կապ է հաստատել հակագրոհը ձեռնարկած զորամասի հրամանատարի հետ, և, օգտագործելով նախկինում վերջինիս նկատմամբ անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ «պաշտպանության խորքից» է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում։
Զորամասի հրամանատարը ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել բարձրաստիճան սպայի հրամանը և նահանջել ազատագրած բարձունքից, որի հետևանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը՝ զբաղեցնելով գերիշխող դիրք։ Հետագայում՝ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին և 5-ին, յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է տիրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղին, որից հետո բարձրաստիճան սպայի կողմից նույն օրը գրավոր կազմված փաստաթղթում նշվել է, որ հակառակորդի ստորաբաժանումների նպատակը հանդիսանում է Շուշի բնակավայրին տիրելը։
Հոկտեմբերի 29-ին ժամը 06:00-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել է ամբողջությամբ տիրել Սղնախ բնակավայրին և առաջխաղացումը զարգացնել դեպի Քարին Տակ - Շուշի բնակավայրերի ուղղությամբ, որի մասին տեղեկատվությունը զեկուցվել է բարձրաստիճան սպային։
Հոկտեմբերի 30-ին բարձրաստիճան սպայի կողմից արձակվել է մարտական կարգադրություն, որով յուրային ստորաբաժանումներից մեկին հանձնարարվել է հոկտեմբերի 31-ից Քարին Տակ բնակավայրի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով պաշտպանություն ստանձնել Քարին Տակից 4 կիլոմետր հարավ և 2 կիլոմետր հարավ-արևելք բնագծով։ Նույն կարգադրությամբ արձանագրվել է, որ պաշտպանության այդ բնագծի աջակողմյան հատվածում յուրային ստորաբաժանումներ տեղակայված չեն:
Հոկտեմբերի 31-ին ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, մինչև պաշտպանական բնագիծ զբաղեցնելը, պարզվել է, որ տվյալ բնագիծն արդեն իսկ անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որի մասին զեկուցվել է վերադաս հրամանատար հանդիսացող բարձրաստիճան սպային։ Արդյունքում պաշտպանական բնագծի ճակատը կրկնակի կրճատվել է, զեկուցվել է, որ աջակողմյան հատվածը և իրենցից հետ զորք տեղակայված չէ, որի պայմաններում հակառակորդը հեշտությամբ կարող է այդ հատվածով մոտենալ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղուն։
Ունենալով նշված բոլոր տեղեկությունները, Մ․Ա․-ն չի հանձնարարել նշված հատվածներում զորք տեղակայել, որի հետևանքով հակառակորդը, օգտագործելով բնագծի չպահվող հատվածի բարենպաստ հանգամանքը, 2020 թ․ նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, աջ թևից շրջանցել է յուրային զորքերին և առաջացել Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, ինչի մասին նույնպես զեկուցվել է վերադաս հանդիսացող բարձրաստիճան սպային։
Մայրուղու հատվածում հակառակորդի խմբերին դիմակայելու համար համաչափ պաշտպանության կազմակերպման բացակայության պայմաններում, նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-04։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի խմբերին հաջողվել է հատել Շուշի-Լիսագոր մայրուղին, անցնել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք։
Ընդ որում, նախաքննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 31-ին յուրային ստորաբաժանման կողմից զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպելու համար բարձրաստիճան սպան դեռևս հոկտեմբերի 30-31-ից հնարավորություն է ունեցել կիրառելու ընդհանուր շուրջ 550 զինծառայողներից բաղկացած թվով 4 ստորաբաժանում, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել ինչպես Շուշիի, այնպես էլ որևէ այլ ուղղությամբ մարտական խնդիրների կատարմանը։
Ստեղծված իրադրությունը ճիշտ չգնահատելով՝ բարձրաստիճան սպան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրացուցիչ ուժեր և միջոցներ ստանալու ուղղությամբ, Շուշիի պաշտպանողական օպերացիան կազմակերպել է կանոնավոր բանակի ստորաբաժանումների սակավաթիվ ուժերով, իսկ որոշ դեպքերում նաև՝ ստորաբաժանումների ժամանակավրեպ կիրառմամբ, ինչպես նաև աշխարհազորի ուժերով: Մինչդեռ, նույն ժամանակահատվածում համապատասխան քայլեր ձեռնարկելու արդյունքում Շուշիի պաշտպանողական օպերացիայում կարող էին կիրառվել շուրջ 600 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի մարտունակ ստորաբաժանումներ, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսից զորակոչված զինծառայողներից ստեղծված այլ ստորաբաժանումներ։
Բացի այդ, բարձրաստիճան սպան մինչև 2020թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ վերադասին գրավոր կարգով զեկուցել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց վերահսկելի, և դա այն պայմաններում, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։
Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում բարձրաստիճան սպան չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, խախտել է զորքերի միանձնյա ղեկավարման սկզբունքը, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը, նրա որոշմամբ պաշտպանողական օպերացիայում ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, որպիսի գործողությունների հետևանքով հակառակորդի ստորաբաժանումները, զարգացնելով առաջխաղացումը, նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել են Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ տիրելով Շուշիին և դրա մատույցներին, իսկ յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառվելու հետևանքով կրել են կորուստներ:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար բարձրագույն սպայական կազմի՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում կրող սպայի՝ Մ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։
Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: