24.11.2024
Հայ մարզիկները Թուրքիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ
prev Նախորդ նորություն

Ատեստավորում անցած ոստիկաններն ու փրկարարները հավելավճար կստանան

Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների համար: Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների եւ ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ապրիլի 12-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փրկարար ծառայության մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները:


Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: Համակարգի ծառայողները վերապատրաստման հնարավորություն կունենան 2024 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ծանրաբեռնվածությունը:


Զեկուցողի խոսքով ատեստավորման արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:


Արմեն Խաչատրյանը բարձրացրել է մարզերում փրկարար ծառայության ազատ հաստիքների համալրման հարցը` անհրաժեշտ համարելով համակարգում աշխատանքի ընդունման պարզեցված մեխանիզմների կիրառումը: «Այս պահի դրությամբ մեր երկրում փրկարար ծառայությունը կարեւորագույն ծառայություններից մեկն է»,- ընդգծել է պատգամավորը:


Արփինե Սարգսյանը նշել է, որ գործադիրը փորձում է հարցի վերաբերյալ գտնել ինստիտուցիոնալ լուծումներ:


Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել փաթեթին: