24.11.2024
Միրզոյանն ու Ռուդենկոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները
prev Նախորդ նորություն

Հայ մարզիկները Թուրքիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ:


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում: Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում:


Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն ու երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը, որոնք նժույգթափերում և բազմամարտում չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:


Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում:


Եվրոպայի առաջնության եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 15-ին և 16-ին:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:


Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը:


Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: