24.11.2024
Ատեստավորում անցած ոստիկաններն ու փրկարարները հավելավճար կստանան
prev Նախորդ նորություն

Արամայիս Փաշինյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովն ապրիլի 12-ի հերթական նիստում քննարկել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության մասին» հարցը:


Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները:


Իր ելույթում Արամայիս Փաշինյանը մանրամասն անդրադարձել է մեր երկրում վերջին տարիների կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին, կարեւորել դրա դեմ պայքարի գործիքակազմի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, տնտեսական համակարգի զարգացման կարեւորագույն նախապայման է:


Արամայիս Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարում ընդգծել է կրթության դերն ու նշանակությունը: «Սկսած նախակրթարաններից պետք է երեխաներին ծանոթացնել եւ սովորեցնել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներին, կրթել նրանց: Փոքրուց քաղաքացին պետք է զրո հանդուրժողականություն ցուցաբերի կոռուպցիայի նկատմամբ»,- ասել է Արամայիս Փաշինյանը:


Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր գործունեությանը՝ թեկնածուն կարեւորել է հայտարարագրման համակարգի ներդրումը, օրենսդրական բարեփոխումներով դրա կատարելագործումը: Նա շեշտադրել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման կարեւորությունը:


Ըստ նրա՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում նաեւ հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, մշակվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, ուսումնասիրվել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը:


Եզրափակելով իր ելույթը՝ Արամայիս Փաշինյանը փաստել է, որ տարիների աշխատանքային փորձն ու գիտելիքները կծառայեցնի կոռուպցիայի եւ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի գործին:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ անգործության հետեւանքով ձեւավորված կոռուպցիոն երեւույթների դեմ ինչպե՞ս եք պայքարելու հարցի առնչությամբ Արամայիս Փաշինյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ճիշտ ընթացակարգերի ներդրման արդյունքում կբացառվեն անգործության եւ գործողության հետեւանքով առաջացող կոռուպցիոն երեւույթները:


Նույն խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ հարցրել է, թե ինչպես է թեկնածուն գնահատում մեր հասարակության վերաբերմունքն արդար վաստակի եւ «տուն ենք պահում, մի՛ խանգարեք» այսպես կոչված կոնցեպտներին:


Արամայիս Փաշինյանը նշել է, որ կոռուպցիոն երեւույթների նկատմամբ հանդուրժողականությունը խոր արմատներ ունի, հասնում է մինչեւ խորհրդային ժամանակներ: Դրանք արմատախիլ անելը դժվար է, այդ իսկ պատճառով կարեւոր է հակակոռուպցիոն կրթությունը, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն սերմանելը:


Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի համակարգային կոռուպցիայի վերացման վերաբերյալ հարցին՝ Արամայիս Փաշինյանը նշել է, որ համակարգային կոռուպցիան մեր երկրում արմատախիլ է արված: Սակայն դեռեւս գոյություն ունեն կոռուպցիայի այլ տեսակներ:


«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի շարունակական եւ անդադար»,- ասել է Արամայիս Փաշինյանը:


Մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է կուսակցություներում տիրող կոռուպցիոն ռիսկերին: «Պետք է ուսումնասիրել կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է նա եւ հավելել, որ քաղաքական առողջ համակարգ ունենալու համար հարկավոր է պայքարել կուսակցությունների կոռուպցիոն ռիսկերի դեմ: Կուսակցությունը պետք է ազատ լինի ներքին եւ արտաքին ճնշումներից: