Սահակյանը գնահատել է իրավիճակը՝ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու վտանգ. փաստաբան
Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց). այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
"Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ.
Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ քպ-ական պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։
Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել",- գրել է Մելիքյանը:
Նշենք, որ պատգամավորը ձերբակալվել է: