23.11.2024
Շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք, ԼՂ փաստահավաք առաքելություն գործուղելու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին",- ասաց նա:


Փաշինյանը նշեց, որ յս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից:


"Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը: Հիշեցնեմ՝ եռակողմ հայտարարության 7-րդ կետում ասվում է, մեջբերում եմ՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ես Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:


Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում: Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին: Բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների՝ էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում:


Ուզում եմ տեղյակ պահել նաև, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ: Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից: Միևնույն ժամանակ, պիտի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները",- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: