Շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: Հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն:
Այս մասին ասյօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ:
"Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց:
Լեռնային Ղարաբաղում, ինչպես գիտեք, կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է: Բայց Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը",- ասաց Փաշինյանը:
"Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել, մեջբերում եմ՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ Լեռնային Ղարաբաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին», - ասված է Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված նամակի, գրության մեջ:
Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը:
Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել. մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին:
Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ: Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ, Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը՝ այն բանում, որ Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար",-հավելե Փաշինյանը: