Երևանի փոխքաղաքապետը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ բացատրություններ տալու
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն այս պահին իրավական կարգավիճակ չունի, նա ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզաբանումներ տալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու»,- գրել է Սարդարյանը։
Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ էին իրականացնում՝ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Լրատվամիջոցներում նշվում է, որ այս քրեական վարույթը նախաձեռնվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առիթով, երբ Գևորգ Սիմոնյանն առողջապահության փոխնախարարն էր։ Գործը հարուցվել է Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա։