«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախին
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ: Այս մասին հայտնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունից։
Հուշագրերի համաձայն՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: Իսկ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կտրամադրվի ավելի քան 180 տոննա սննդամթերք՝ Արցախի Հանրապետության պետական պահուստում ներառելու նպատակով:
Շրջափակման ընթացքում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նախաձեռնել և իր նվիրատուների միջոցներով և աջակցությամբ սկսել էր իրականացել «Արցախի պարենային պահուստի համալրում» ծրագիրը, որի նպատակը սննդարար, բայց միաժամանակ փոխադրման և պահպանման տեսանկյունից առավել նպատակահարմար ապրանքատեսակների ձեռքբերումն էր:
«Շրջափակումը ցույց տվեց, թե հատկապես ինչպիսի առաջնային սննդամթերքի կարիք ունենք: Մասնագետների հետ քննարկվեցին եւ ընտրվեցին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են բնակչության համար բալանսավորված սնունդ ապահովել եւ առավել հարմար են պահպանման տեսանկյունից: Կազմակերպվեց դրանց ձեռքբերումն ու փոխադրումը, եւ հիմա բեռների մեծ մասն արդեն հասցվել է Արցախ: Այս հուշագրերի նպատակն է ապրանքները փոխանցել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն բաշխումն ու հետագա տնօրինումը»,- ասել է Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: