25.11.2024
Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի նոր պետնախարարին
prev Նախորդ նորություն

ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի հարցով. Թովմասյան

«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը»․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է իմ նամակին։ Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ հրատապ գրություն էի ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Ահազանգել էի, որ Ադրբեջանը չի կատարում Դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։

Եվս մեկ անգամ շեշտադրել էի, որ Ադրբեջանը ավելի քան 2 ամիս շարունակում է Արցախի 120․000 բնակչությանը պահել պատանդի կարգավիճակում՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման շարունակական խափանումների, ինչպես նաև սննդի, դեղորայքի, այլ կենսական կարիքների լրջագույն պակասի պայմաններում։

Միջազգային կառույցներին խնդրել էի իրենց մանդատի շրջանակներում նպաստել Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման կատարմանը և իրազեկել կատարված ու նախատեսվող քայլերի մասին։

Եվ ահա ստացել եմ պատասխան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից, ով հավաստիացնում է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները։

Այդ իմաստով տիկին Բուրիչը նշել է, որ կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը։

«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում», - եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Իմ կողմից հավելեմ, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն, ցավոք, այն չի կատարվել մինչ օրս»,- գրել է Թովմասյանը: