Համաձայնագրի վավերացումը կխթանի ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև համագործակցությունը
Համաձայնագրի նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:
Գեւորգ Մանթաշյանի ներկայացմամբ կողմերը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում մի շարք ուղղություններով: Մասնավորապես, կարեւորվել է տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցումը եւ իրականացումը, երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, տեղեկացնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: