27.11.2024
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ԱՄՆ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Տրամաբանական կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:


ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկեր ու բարեկամ երկիր է, եւ մեծապես կարեւոր է երկու երկրների քաղաքական երկխոսության հետագա խորացումը: Ալեն Սիմոնյանը նկատել է, որ նախորդ շաբաթը Հայաստանում Լյուքսեմբուրգի շաբաթ էր. ԱԺ խոսնակը փետրվարի 23-ին խորհրդարանում կարեւոր զրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:


«Մենք ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց` ի նշանավորումն վերջին տարիներին երկկողմ համագործակցության աննախադեպ խորացման, Լյուքսեմբուրգը դեսպան է (ոչ ռեզիդենտ) հավատարմագրում Հայաստանում: Այս առումով կարծում ենք, որ հաջորդ տրամաբանական քայլը կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը, որը կծածկի նաեւ Վրաստանը եւ Իրանը: Տեղեկացնեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը»,- նշել է ԱԺ նախագահը:


Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում երկուստեք ընդգծվել է բարեկամական խմբերի ակտիվությունը: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձեւերի համար:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող մարտահրավերները` մասնավորեցնելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները:


Այս համատեքստում հիշատակվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որն իրավական հիմք է ստեղծում միջազգային դերակատարների գործնական քայլերի համար` պարտադրելով Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը:


Մտքեր են փոխանակվել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման առաջնահերթության շուրջ` կարեւորելով ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: Հիշեցնենք, որ բարեկամ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը եւս ընդգրկված է առաքելության կազմում:


Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին եւ այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջակցությունը: