Առաջին կոնկրետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում, վերաբերում էր Ստեփանակերտի և Բաքվի միջև արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ երկխոսություն հաստատելու միջազգային տեսանելի մեխանիզմների ստեղծմանը։ Այս մասին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Մյունխենի հանդիպման արդյունքներով Իլհամ Ալիևի հայտարարությունները։
«Սա հստակ պայմանավորվածություն է, որը, կարծում եմ, երկիմաստ մեկնաբանությունների տեղիք չի տալիս։ Հայաստանը շարունակում է աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նա Factor-ի եթերում։ Միաժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այդ մեխանիզմն անպայմանորեն պետք է ամրագրվի «կա՛մ խաղաղության պայմանագրով, կա՛մ դրանից դուրս»։ Գրիգորյանը նշել է, որ ներկայումս այդ մեխանիզմների ստեղծման հարցը քննարկման փուլում է, մանրամասների ու կառուցվածքի վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան։
«Երբ մենք դառնանք միջազգային տեսանելի մեխանիզմների շրջանակներում նման հանդիպման անցկացման առաջին փորձի վկան, այդ ժամանակ հնարավոր կլինի դատել, թե ինչ առաջընթաց կա այս հարցում»,- ասաց Գրիգորյանը։ Նա վստահեցրել է, որ մյունխենյան հանդիպման շրջանակներում վերոնշյալ միջազգային մեխանիզմների ստեղծման հարցերը չեն քննարկվել։
Մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրում Արցախի հիշատակումն անընդունելի է, Գրիգորյանը կրկին շեշտել է, որ վերը նշված միջազգային մեխանիզմների առկայությունը Երեւանի համար առաջնահերթություն է։ Թե ո՞ր փաստաթուղթն է դա նախատեսելու, երկրորդական հարց է։
Սրան զուգահեռ, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դեռևս մտահոգության տեղիք է տալիս իշխանությունների համար։ Նա ընդգծել է, որ նույնիսկ Մյունխենում անվտանգության հարցերով պանելային քննարկումների ժամանակ Իլհամ Ալիեւը հրապարակավ ագրեսիվ հայտարարություններ է արել, ինչը մտահոգիչ է։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը մեծ ուշադրություն կդարձնի սրան, քանի որ, մի կողմից, Բաքուն խաղաղության մասին գեղեցիկ ելույթներ է ունենում, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարություններ անում, ներխուժում Հայաստանի տարածք։
Գրիգորյանը կտրականապես հերքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը, որը, ըստ ընդդիմադիր գործչի, Մյունխենում փոփոխության է ենթարկվել։
«Մենք երբեք նման փաստաթղթի շուրջ չենք բանակցել։ Ես չգիտեմ, թե որտեղից է այս փաստաթուղթը և ինչպես է այն ստացել այս անձը: Ես կարող եմ միայն միանշանակ փաստել, որ Հայաստանը երբեք այս բազայի վրա չի բանակցել»,- ասաց Գրիգորյանը։