Ադրբեջանը փորձում է կեղծ ապացույցների բազա ստեղծել Հաագայում ընդդեմ Հայաստանի. Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է Հաագայում Ադրբեջանի կողմից հնչեցրած կեղծ հայտարարություններին, թե Հայաստանը ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։
Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն այդ ականները հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ է տեղադրել բացառապես պաշտպանական նպատակներով՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները։ Հայաստանը ականներ չի տեղադրում իր ինքնիշխան տարածքից դուրս, հատկապես բնակելի տարածքներում, և չի փորձում հալածել քաղաքացիներին ռասայական հողի վրա։ Ադրբեջանը ականները հավաքել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից 2021-2022 թվականներին։
Հետևաբար, Ադրբեջանը փորձում է կեղծ ապացույցների բազա ստեղծել ապօրինի ագրեսիայի գործողություններից հետո իր հավաքած ականների հիման վրա՝ հիմնավորելու իր պնդումը։ Այս պնդումն անհիմն է։ Հուսով եմ, որ դատարանը թույլ չի տա Ադրբեջանին, փորձելով օգտվել սեփական անօրինական գործողությունների հետևանքներից, չարաշահել դատական գործընթացը»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի պահանջը հերթական փորձն է՝ ուշադրությունը շեղելու իր վայրագություններից։ Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանն իր պահանջը ներկայացրել է Հայաստանի հայցից ընդամենը 6 օր հետո, չնայած այն հանգամանքին, որ ենթադրյալ ապացույցների մեծ մասն իր տրամադրության տակ է արդեն մի քանի ամիս։
Հունվարի 30-ին Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցավ Հայաստանի հայցի վերաբերյալ լսումներ ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դատարանից պահանջում է Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել գործողությունները, որոնք խաթարում են երթևեկությունը Լաչինի միջանցքով, երաշխավորել անխափան տեղաշարժը և ձեռնպահ մնան Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման և այլ հանրային ծառայությունների խափանումներից։