24.11.2024
Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Երևանն ու Տոկիոն քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:


ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ:


Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը:


Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:


Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը: