Խաչանով, Մխիթարյան, Քարդաշյան. Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հայտնիներին
Հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Այս մասին գրում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
"Կարեն Խաչանովի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոզա Լինի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ ուրիշ հանրաճանաչ հայերի օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հայկական աշխարհի ներկայացուցիչների աջակցությունը, համախմբվածությունն ու համատեղ ջանքերը՝ Արցախի ձայնն ամբողջ աշխարհում լսելի դարձնելու համար։
Շնորհակալ եմ բոլորին, միջազգային կազմակերպություններին, տարբեր պետությունների կառավարություններին, առանձին գործիչներին, որոնք այս ծանր շրջանում սատարում են մեզ ու մեր պայքարին։ Վստահ եղեք, որ մենք իսկապես գնահատում և զգում ենք ձեր աջակցությունն այստեղ՝ Արցախում: Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120 հազար հայության համար",- գրել է պետնախարարը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախն արդեն 43-րդ օրն է շրջափակման մեջ է: Հանրապետությունը հումանիտար խորը ճգնաժամի մեջ է՝ բնակչությանը սննդամթերք վաճառվում է կտրոններով, էլեկտրաէներգիան անջատվում է օրը վեց ժամով՝ երեք ժամ ամեն անգամ, գազամատակարարումը Ադրբեջանի կողմից դարձյալ խափանված է, դեղատները դատարկ են, կրթական հաստատությունները չեն աշխատում: Իսկ աշխարհը միայն սահմանափակվում է կոչերով...