Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանի հետ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն:
«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս հեռանկարներ կբացվեն՝ նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում: Այսօր մենք էլ մեր հերթին ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են՝ կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրենց հերթին նշել են, որ ավագանին պետք է օգնի մայրաքաղաքների գործակցության և փաստաթղթերում հաստատված դրույթները կյանքի կոչելու համար: