24.11.2024
Դաշնամուրային երաժշտության հրավառություն. Դենիս Մացուևը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիների գործողությունների պատճառով Արցախ վերադարձող երեխաներից մեկը ուշագնաց է եղել

"Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասներ  ներկայացնելով, թե ինչերի միջով են անցել երեխաները Արցախ վերադարձի ճանապարհին: 


"Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։


Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։


Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։


Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։


Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։


Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։


Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ",- գրել է Ստեփանյանը: