Ի՞նչ եք անում Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը լուծելու համար. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Հայ պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Դրանում նշվել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է պահվում իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող ադրբեջանցիների մի խմբի և ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից։ Շեշտվել է, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր մեծանում է հիմնական օգտագործման պարագաների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը, ձեռքբերման ճգնաժամը։ Ըդգծվել է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով 120 հազար Լեռնային Ղարաբաղի հայ ծանր ձմեռային պայմաններում հումանիտար ճգնաժամի առջև է։
Այս համատեքստում Փայլանը Չավուշօղլուին է հղել հետևյալ հարցերը․
1․ Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։
2․ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար ինչպիսի՞ դիվանագիտական նախաձեռնություններով եք հանդես եկել։
3․ Գիտակցու՞մ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության համար առկա հնարավորության պատուհանը։
4․ Թուրքիան, որը պարծենում է նրանով, որ ներգրավվում է աշխարհի շատ հումանիտար խնդիրներին, ինչու՞ մատը չի շարժում Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի համար։