25.11.2024
Պարզվում է՝ ՀՀ նախագահը մեկնում է Էստոնիա
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Ըստ հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Նման փոփոխություններ նախաձեռնելու պահանջով Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին դիմել էր նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:


ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:


Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ համարժեք են ուսանողական խաղերին: Նշվել է, որ բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր: «Սա դարձել է շատ կարեւոր միջոցառում, եւ ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի եւ մարզիկներին խրախուսենք այդ խաղերի համար»,- ընդգծել է փոխնախարարը:


Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիազորող նորմ, ինչպես նաեւ ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:


Այս նախագիծը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: