«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու, այն գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է ընդունել «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, փոփոխություններ ու լրացումներ կատարել մի շարք օրենքներում:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով 1996 թ. ընդունված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, կարգավորված չեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ բացակայում են մի շարք այլ իրավակարգավորումներ:
«Պետական գաղտնիքի մասին» օրինագծով առաջարկվում է օրենքից հանել ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «Հատուկ կարեւորության», «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր: Հստակեցվում է պետական գաղտնիքի պաշտպանության բնագավառում Կառավարության, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների լիազորությունների շրջանակը:
Իրավական որոշակիություն ապահովելու նպատակով վերանայվում են օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, հստակեցվում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների շրջանակը:
«Նախագծով առաջարկվում է Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահներին, վարչապետին` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը երաշխավորել համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Պետական մարմինների ղեկավարներին վերապահվում է պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնների անվանացանկերը հաստատելու իրավասություն, իսկ վերոնշյալ պաշտոններում նշանակված հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանվում է պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու պարտավորություն»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` միաժամանակ նախատեսվում է, որ տվյալ անձն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից, եթե թույլտվություն չի ստացել, թույլտվության տրամադրումը մերժվել է կամ ստացված թույլտվությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է:
Տիգրան Հարությունյանի տեղեկացմամբ ամբողջությամբ վերանայվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերը` սահմանելով ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ հայեցողական մերժման հիմքեր: «Թույլտվությունը մերժվելու է նաեւ այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար, ինչպես նաեւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվությունից ազատվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով»,- նշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը: Նախատեսվել են մի շարք լրացուցիչ հիմքեր, որոնց առկայության դեպքում եւս պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվությունը կարող է մերժվել: Մասնավորապես, թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե անձն օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի ալկոհոլային խմիչքներից, խաղամոլ է, աշխատել է օտարերկրյա հատուկ ծառայություններում, թույլտվությունը նախկինում դադարեցվել է, սոցիալական, նյութական կամ այլ կախվածություն ունի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձից, վերջին 3 տարին մշտապես չի բնակվել ՀՀ-ում կամ դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ:
Սահմանվում է, որ պետական գաղտնիք պարունակող «Հատուկ կարեւորության» եւ «Հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում Ազգային անվտանգության ծառայությանն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու պարտավորություն են կրելու:
Գործադիրը վարչական պատասխանատվություն է սահմանում պետական գաղտնիք պարունակող «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու համար, եթե արդյունքում էական վնաս չի պատճառվել պետությանը, ինչպես նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:
Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի է առնվել արեւմտյան մի շարք երկրների առաջադեմ փորձը: Փաթեթում ներառված մյուս նախագծերով գաղտնի տեղեկություններին վերաբերող դրույթները համապատասխանեցվում են «Պետական գաղտնիքի մասին» օրինագծով սահմանվող կարգավորումներին:
Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Նրա խոսքով քանի որ պատգամավորը հնարավորություն ունի լիարժեք կատարելու իր գործառույթներն առանց գաղտնի տեղեկություններին առնչվելու, ուստի նախաձեռնությամբ պատգամավորներին չի շնորհվում գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ են` երաշխավորելու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունները: Վլադիմիր Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկում:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր դիտարկումներն է ներկայացրել որոշ ձեւակերպումների վերաբերյալ, հանդես եկել առաջարկներով:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: