ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուժար Օսմանին առանձին հեռախոսազրույցներ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է news.am-ը, այս մասին գրել է ԵԱՀԿ կայքը։
Հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, հատուկ ուշադրություն է հատկացվել Լաչինի միջանցքին։
Օսմանին ընդգծել է, որ ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին։ Նա մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա իրավիճակի ազդեցության առիթով։ ԵԱՀԿ գործող նախագահը կողմերին լարվածությունը թուլացնելու եւ կառուցողական ու արդյունավետ երկխոսություն սկսելու կոչ է արել։
Օսմանիի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը եւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցները՝ ԵԱՀԿ գործիքակազմի շրջանակում, կարեւոր են տեղերում մարդկանց առնչվող ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու համար։
Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հաստատել է իր անձնական մասնակցության պատրաստակամությունը, որպեսզի օգնի լարվածությունը թուլացնելուն եւ անձնական ավանդ ունենա կայուն խաղաղության հասնելու գործում։ Նա նաեւ առաջիկայում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։