19.04.2025
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
prev Նախորդ նորություն

Անհապաղ ջանքեր են պետք Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ. հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ:


«Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով:


Դեռևս 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120.000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում՝ դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։


Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։


Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։


Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։


Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։


Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։


Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա»,- նշված է հայտարարության մեջ։


 

Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար