ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահներն իրենց պարտավորությունները չեն կատարում, լրագրողներին ասել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կարգուկանոն ու կայունություն ապահովվի՝ համաձայն ստորագրված պայմանագրերի։
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու խաղաղություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվում են երկրների միջև»,- ասաց նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի այդ թեման քննարկել հայկական կողմի հետ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում իր պարտավորությունը, որն արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ, և վերաբերում է Լաչինի միջանցքի վերահսկողության իրականացմանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից՝ 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում:
Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ:
Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: