Ադրբեջանը փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ հեռացնել գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը
Ով Արցախում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունները դիտարկում է բացառապես արցախցիների խնդիր և Հայաստանի դերն ու անելիքը չի տեսնում, վաղը նույն կերպ վարվելու է ադրբեջանցիների՝ ՀՀ ցանկացած մարզի նկատմամբ շրջափակման կամ հարձակման պարագայում։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը, որն իր դիմադրության պոտենցյալով խրվել է Ադրբեջանի կոկորդում։
Այս պահին մարտը՝ դրա ուղղակի կամ անուղղակի իմաստով, Արցախում է և մեր հնարավոր տապալումը ոչ միայն վտանգելու է մեր արյունակիցների անվտանգությունը, այլ նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի»,- գրել է Աբրահամյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից՝ 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում:
Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ:
Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: