Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկումը ՄԱԿ ԱԽ-ում
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։
Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։
Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։
Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար։
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Դարարեցվել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը մի քանի օր անց վերականգնվեց:
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա:
Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, չեն իրականացվում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումներ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: