Արցախի ներկայիս շրջափակումը կոպիտ դիվանագիտական սխալների արդյունք է. դեսպան
Արցախի շրջափակումը կոպիտ դիվանագիտական սխալների արդյունք է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ասել է դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի մասին։
«Հայաստանում տեւական ժամանակ տարբեր ամբիոններից մանիպուլյացիաներ են հնչում, ըստ որոնց՝ սա խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը։ Ամենամեծ սխալը, որ թույլ ենք տվել մինչ օրս, Հայաստանի կողմից Արցախի անվտանգությունը երաշխավորելուց հրաժարվելն է։ Այսպիսով, Արցախը մնաց մեկուսացման մեջ, կամ գոնե երրորդ երկրի հայեցողության տակ»,- կարծում է դիվանագետը։
Հայաստանը միշտ ունեցել է դիվանագիտական հնարավորությունների պատուհան, և մեկից ավելի: «Այո, սրանք նեղ սահմանափակ հնարավորություններ էին, բայց կային։ Դրանք չօգտագործելը սխալ էր և միջակ քաղաքականության արդյունք»,- կարծում է Մելիքյանը։ Նա հավելել է, որ իշխանությունների ցանկությունն է ամեն գնով նպաստել խաղաղ օրակարգին։
Մելիքյանն ընդգծեց, որ վաղ թե ուշ Լաչինի միջանցքը կբացվի՝ լինի միջազգային ճնշման, թե խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում։ Այլ հարց է միջանցքի ապաշրջափակման գինը։
Ավելին, Լաչինի միջանցքի երթեւեկության վերականգնումն ամենեւին չի նշանակում, որ այն կրկին չի արգելափակվի։ Մելիքյանը վստահ է, որ Արցախը կրկին ու մեկ անգամ չէ, որ կանգնելու է այս խնդրի առաջ. «Եթե ադեկվատ ենք մոտենում հարցին, ապա անհրաժեշտություն կա վերանայել վարվող քաղաքականության մոտեցումներն ու ուղղությունները։ Հակառակ դեպքում, եթե նույնիսկ այս փուլում իրավիճակը կարգավորվի, մենք կրկին կբախվենք այս խնդրին»,- ասաց նա։