24.11.2024
Բաքվի սադրանքների պատճառները պետք է փնտրել նաև Երևանում՝ ՀՀ կառավարության շենքում. Թևանյան
prev Նախորդ նորություն

Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի. քաղաքագետ

Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի. Պետք է հրապարակայնորեն դիմի ԱՄՆ նախագահին, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հենց իր ասած դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի սահմանն է ու ինքը սպասում է Արցախի ժողովրդի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կոնկրետ քայլերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Նա նաեւ հավելել է. « Եթե այդ քայլերն ԱՄՆ-ն ի վիճակի չի անել, կամ չի ցանկանում անել (այսինքն դեմոկրատիա-ավտորիտարիզմը զուտ քարոզչություն է ու իրական կյանքի հետ կապ չունի, շահերն են կարևոր), ապա ստիպված է Սյունիքում հայ-իրանական զորավորժություններ անցկացնել ու դրա համար դիմում է Իրանին: Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է»:


VERELQ հայտնել է, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 8 ժամ է շարունակում է փակ մնալ: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։


Այսօր, դեկտեմբերի 12-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների: Համաձայն Կրեմլի հաղորդագրության զրուցակիցները քննարկել են ճանապարհների ապաշրջափակման խնդիրը: Հայաստանի վարչապետ մամուլի ծառայությունից սակայն հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:


Նշենք, որ դեկտեմբերի 3-ին, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներն առաջին ակցիան էին կազմակերպել՝ փակելով Լաչինի միջանցքը՝ Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը։ Նրանք պահանջում էին մուտք գործել դեպի Արցախի Կաշենի հանքավայր։ Լաչինի միջանցքով երթեւեկությունը 3 ժամով արգելափակվել էր, որից հետո ճանապարհը բացվել է։


Հաջորդ սադրանքը տեղի ունեցավ օրեր անց, երբ անցկացվեց, այսպես կոչված, բնապահպանների հանդիպումը խաղաղապահների հետ։ Այս անգամ սադրանքը կազմակերպել են ադրբեջանցի լրագրողները, ովքեր պնդել են իրենց մասնակցությունը հանդիպմանը։


Դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «բնապահպաններին» հաջողվել է մեքենայով հասնել Արցախի Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչները չեն թուլացրել նրանց մուտքը հանքի տարածք և թույլ չեն տվել մոտենալ հանքին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին՝ «խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը կանխելու համար ոչ մի միջոց չձեռնարկվելու» պատճառով։


Նշենք, որ, ըստ առկա տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Կաշենի հանքավայրը հանձնվել է բրիտանական Ango Assian Mining ընկերության շահագործմանը։


Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առավոտյան սադրանքները շարունակվել են, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Ըստ առկա տեղեկությունների՝ այնտեղ արդեն վրաններ են տեղադրվել։