Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին
Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ դեռ պարզ չէ, թե ըստ այս սցենարի էլ ինչ իրադարձություններ են սպասվում, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական սադրանքները նոր փուլ են մտել՝ շատ ավելի մեծ վտանգավորություն պարունակող։
VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ անընդունելի է համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։