26.11.2024
Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի նիստին կմասնակցի նաև Ղրղզստանի նախագահը
prev Նախորդ նորություն

Քաղաքապետ. Մարտունեցին գիտակցված ընտրություն արեց

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Բագրատ Հարությունյանը պարտվեց անկուսակցական Արմեն Ավետիսյանին: Ընտրությունների ընթացքի, դրանց որակի մասին VERELQ-ը զրուցել է նորընտիր քաղաքապետի հետ:

Պ-րն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ընտրությունների արդյունքը, որտեղ 3 անգամ անընդմեջ ընտրված համայնքի ղեկավարը, որն ուներ նաև իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը, պարտվեց:

Ես չեմ կարծում, թե ընտրությունները կուսակցության ընտրություններ էին: Սա ավելի շատ անձերի միջև պայքար էր, և ոչ թե կուսակցությունների: Ժողովուրդը ձայն է տվել մարդուն: Կոնկրետ Մարտունու ընտրությունների դեպքում կուսակցական պատկանելիությունը ոչ մի դեր չի խաղացել: Մարդիկ շատ հստակ տեսել են, թե թեկնածուներից ով ինչ է արել այս տարիների ընթացքում: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ հաղթեց ժողովուրդը: Նա կարողացավ տարբերել թացը չորից: Ոչ իմ, ոչ իմ կողմնակիցների կողմից որևէ ճնշում ընտրողի, քաղաքացու վրա, որևէ ուղղորդում չի եղել:

Իսկ Ձեր մրցակցի կողմից եղե՞լ է:

Ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել: Ես իմ թիմի համար եմ պատասխանատու: Ընտրողն արդեն իսկ տվել է իր գնահատականը: Որևէ քաղաքական ուժի, կուսակցության կամ մարզպետարանի աջակցություն ես չեմ ունեցել:

Ունենալով հսկայական ռեսուրսներ` գործող քաղաքապետն, այնուամենայնիվ պարտվեց...

Մարտունիում ինչ-որ իմաստով եզակի ընտրություն է եղել: Մենք չենք արձանագրել ոչ մի խախտում, ոչ մի կեղծիք: Ես իմ թիմակիցների հետ կարողացանք հասնել այն բանին, որ ոչ մի տեղամասում չլինեն լցոնումներ, կուտակումներ, չաշխատի այդ “կարուսել” կոչվող արատավոր մեխանիզմը: Եվ ես հակված եմ մտածելու, որ դա էր մեր հաղթանակի գրավականը: Մենք առանձին հանդիպումներ ենք ունեցել հանձնաժողովների անդամների հետ, խնդրել ենք, հորդորել` հավուր պատշաճի կազմակերպել ընտրական գործընթացը: Ես որևէ մեկին չեմ խնդրել քվեարկել իմ օգտին, ոչ մի լումա չեմ տվել: Մեր գործը եղել է` անել ամեն ինչ հնարավոր ընտրախախտումները կանխելու համար:

Կթվարկե՞ք այն առաջնահերթ խնդիրները, որոնք պատրաստվում եք առաջիկայում լուծել:

Մենք մտադիր ենք վճռական պայքար մղել կոռուպցիայի, բյուջեի մսխման և տարատեսակ այլ չարաշահումների դեմ: Ես մի առիթով ասել եմ, որ իմ անձնական նպատակներով չեմ օգտագործի և ոչ մի դրամ: Իմ աչքը կուշտ է: Ես մտնում եմ քաղաքապետարան հետևողականորեն աշխատելու իմ համայնքի, իմ համաքաղաքացիների օգտին: Խնդիրներն այսօր բազմաթիվ են` ենթակառուցվածքների բարելավում, կոմունալ ծառայությունների արդյունավետության բարձրացում: Շատ ոլորտներում իսկապես բարձիթողի վիճակ է:

Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը մարզպետարանի, ինչպես նաև իշխող ՀՀԿ-ի հետ:

Չլինելով ՀՀԿ-ի անդամ` ես նաև մտադրություն չունեմ ըննդիմադիր դաշտում խաղալու: Իհարկե, իմ մեթոդը չէ ժամանակից շուտ կանխատեսումներ և գուշակություններ անել, սակայն այս պահին վստահեցնում եմ, բոլոր ջանքերս ուղղված են լինելու քաղաքացու խնդիրների լուծմանը:


Զրուցեց Աշոտ Սաֆարյանը