26.11.2024
Քաղաքապետ. Մարտունեցին գիտակցված ընտրություն արեց
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը նորից ինքն իրեն դավաճանեց. Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ականը

Վանաձորի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Քիչ առաջ Վանաձորի ավագանին հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, համաձայն որի՝ ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկել է 19 ավագանու անդամ, իսկ ընդդիմության միասնական թեկնածու, «Լուսավոր Հայաստան» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին 14-ը:

Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համաձայնության էին եկել միասնական սատարելու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ըստ այդմ՝ Մարուքյանը պետք է ստանար 18 ձայն, սակայն նրա օգտին փաստացի քվեարկեց 14 ավագանու անդամ:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանը դեռ շաբաթ օրը ահազանգել էր, որ իշխանությունները Լոռու մարզում գործի են դրել իրենց ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը և ճնշումներ են գործադրում ավագանու անդամների վրա՝ Մամիկոն Ասլանյանին ընտրելու համար:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Մարուքյանը հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են այն չորսը, որ դեմ են գնացել կուսակցական որոշմանը, բայց երկար նրանք գաղտնի չեն մնա:

«Սա նշանակում է, որ ճնշումները տեղ են հասել, իսկ թե ովքեր են քվեարկել՝ չեմ կարող ասել, բայց պարզ է մի բան՝ ավագանու նիստերի ժամանակ երևալու է, թե ովքեր են այդ քվեարկածները: Եվ բոլորը կիմանան, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ քվեարկությունից առաջ տեղի ունեցածը ապացույցն էր այն ճնշումների, որ տեղ են գտել: Իսկ քվեարկության արդյունքն էլ նա որպես ՀՀԿ հաղթանակ չի համարում:

«Այն, ինչ տեղի ունեցավ, դա չար ծառի պտուղն է»,- հավելեց նա: