24.11.2024
Հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը. Բաբայան
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի, ով այնպիսի հայտարարություն կանի, ինչը նոր մարտական գործողությունների սպառնալիք կառաջացնի։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ինչ պլանավորել է իշխանությունը հանձնելու համար, կարծես, դեռ չի իրագործել ու Ադրբեջանի ապակառուցողականությանը, պատերազմի հայտ ներկայացնելուն հակազդելու արտաքին ու պաշտպանական մեխանիզմներ դեմ տալու փոխարեն մտնում է Ալիևի առաջադրած խաղի կանոնների դաշտ։

Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով, հրապարակի տոնածառը ժամանակից շուտ դնելով",- գրել է պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևը օրերս հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի կայանա. «Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել էր թշնամի պետության ղեկավարը:

Իր հերթին, պաշտոնական Երևանը հերքեց Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ալիևի պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն և Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։