25.11.2024
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին 64-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի 64-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության գործում:

Անկասկած, եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված մեր պետությունների դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետևողական խորացումը և հարստացումը թույլ է տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բոլոր ուղղություններով: Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարևոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը և մեր պարբերական հանդիպումներն այսուհետ ևս կարևոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում:

Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը, Անկախ պետությունների համագործակցության ադապտացիան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության և անվտանգության:

Ուրախ եմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Ձեզ Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»: