23.11.2024
Արարատ Միրզոյանն ու Իտալիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Ինչու է դատախազը հապաղում մտնել ԱԺ՝ պատգամավորների հետեւից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․


«Ինչու է դատախազը հապաղում մտնել ԱԺ՝ պատգամավորների հետեւից: «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է՝ դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու եւ պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, եւ, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:


Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն, եւ անհարմար իրավիճակ ստեղծվի: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել: Իշխանությունը սպասում է՝ հասկանալու համար պատգամավորական մանդատներն ովքեր ինքնակամ վայր կդնեն, որից հետո նոր քայլեր կձեռնարկի, առավել եւս, որ որոշ գործերով վաղեմության ժամկետի հարցեր էլ կան: Իսկ իրականում իշխանության իրական նպատակը «Հայաստան» խմբակցությունը պառակտելն ու թուլացնելն է:


Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, երկրում չէ, եթե համաձայնի իշխանության առաջադրած պայմանին եւ վայր դնի մանդատը, գուցե այլ գործողություններ չլինեն նրա հետ կապված»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։