23.11.2024
Փաշինյանն անդրադարձել է ֆինանսական համակարգի բարեփոխումներին
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն ու Իտալիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։


Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։


Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և այս առումով կարևորվել հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը:


Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։


Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը:


Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր: