Նոյեմբերի 9-նն է. երկու տարի անց Ադրբեջանը նույնն է, մարտահրավերները՝ նույնպես
Երկու տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։
Այն թույլ տվեց վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային, ինչպես նաև հիմք հանդիսացավ Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով։
44-oրյա ավերիչ պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Արցախի տարածքների օկուպացումը շարունակվում է նաև այսօր՝ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին հանձնվեցին Բերձորը, Ներքին Սուսը, այլ համայնքներ: Արդեն երեկ հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ դարձավ, որ Բերձորում և հարակից գյուղերում Ադրբեջանը խոշոր ռազմաբազաներ է կառուցել:
Ցավոք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնորեն ապօրինի գործողությունները, մասնավորապես, շարունակեց ագրեսիվ, հարձակողական գործողությունները, զինվորականների և քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտավորյալ սպանությունների իրականացումը, եկեղեցիների և, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն օկուպացված տարածքներում։
Մինչ օրս Ադրբեջանը չի կատարել հայտարարության կարևոր դրույթներից մեկը՝ ռազմագերիների վերադարձը հայրենիք:
Պաշտոնական Երևանը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին: Պաշտոնական Ստեփանակերտի հայտարարում՝ իր դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։