ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում:
«Աշխարհը փոխվում է` ստեղծելով նոր իրողություններ եւ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Այս հարցերը քննարկվում են կա’մ համաշխարհային մակարդակում, կա’մ էլ` ազգային: Մինչդեռ հասարակ մարդկանց կյանքում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում տեղական մակարդակում: Կյանքի որակն առաջին հերթին փոխակերպվում է համայնքներում:
Մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին տասնամյակում, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության խորը վերափոխումը, ընդհանուր առմամբ թուլացնում են ամբողջ եվրոպական մայրցամաքում բարեկեցիկ եւ ապահով ապագայի նկատմամբ լավատեսությունը: Թե’ ներքին, թե’ արտաքին սպառնալիքները, եւ երբեմն էլ` կառավարությունների դանդաղ արձագանքը դրանց, նվազեցնում են հասարակության վստահությունը ժողովրդավարական կառավարման ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Շատ հաճախ որոշ պետությունների հանդեպ վերաբերմունքում եւ նրանց հետ հարաբերություններում ականատես ենք լինում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների եւ օրենքի գերակայության ակնհայտ ու անընդունելի փոխզիջումների, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ շահերով: Պետք է ընդունենք, որ դա թուլացնում է մեր արժեհամակարգը, որին բոլորս պետք է անվերապահորեն հավատարիմ մնանք: Մյուս «նոր նորման», իմ կարծիքով, այն է, որ որոշ երկրներում համապետական ընտրությունները ճանապարհ են հարթում, այսպես կոչված, «մեծամասնության դիկտատուրայի» ձեւավորման համար, որն այնուհետ օգտագործում է իր կասկածելի ժողովրդավարական լիազորությունները, որպեսզի պահանջի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիակատար հավատարմությունը:
Գործընկերնե’ր, այս օրերին հետեւելով Կոնգրեսի քննարկումներին` կրկին համոզվեցի, որ միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունն է, որ կարող է օգնել պահպանելու այդ նույն մարդկանց հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Այն կարող է օգնել հաղթահարելու վերջին մի քանի տարիներին պոպուլիզմի կողմից առաջացրած ժողովրդավարական կառավարման համակարգի ցնցումները:
Տեղական ժողովրդավարության ինստիտուտները պետք է շարունակեն մնալ արդարության եւ քաղաքացիների հավասար մասնակցության սկզբունքների հավատի պատվարները` ապահովելով հանրային բարիքների եւ ռեսուրսների արդար ու թափանցիկ բաշխումն այն դժվարին պայմաններում, որտեղ այս օրերին հայտնվել են մեր պետություններից շատերը:
Եզրափակելով խոսքս` կարծում եմ, որ, ելնելով վերը նշվածից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարության դերին եւ կարեւորությանը Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի շրջանակում: Գագաթնաժողովը կարող է նաեւ նոր համաեվրոպական դիսկուրս մեկնարկել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցերի շուրջ` տարբեր դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են` Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովը, Եվրոպական տարածաշրջանների հանձնաժողովը, ինչպես նաեւ` այլ համապատասխան եւ շահագրգիռ հաստատություններ ու կազմակերպություններ »,-ասել է Արմեն Գեւորգյանը: