Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցին մասնակցել են նաև նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ՌԴ ֆինասների նախարարության ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան:
Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ապահովության, մարդկային ռեսուրսների և համայնքների զարգացմանը միտված երկարաժամկետ ֆինանսական աջակցությամբ «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել ներառական մոդել, որն աստիճանաբար փոխանցվում է ՀՀ կառավարությանը: Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության, հիգիենայի, բնապահպանության, առողջ սննդակարգի գիտելիքներ և հմտություններ:
Ռուսաստանյան պատվիրակությունը և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Թեղուտ համայնքների դպրոցներ, որտեղ տարրական դասարանների ավելի քան 400 դպրոցականներ ամեն օր ստանում են տաք և առողջարար սնունդ:
Չարենցավանի դպրոցում խոհանոցային ենթակառուցվածքների ստեղծման նպատակով կատարվել են ներդրումները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել թխվածքաբլիթների փոխարեն երեխաների համար ապահովել տաք սնունդ:
ՊՀԾ-ն Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI) փորձագետների աջակցությամբ մարզային դպրոցներում արդիականացվել են ճաշարանների և խոհանոցների ենթակառուցվածքները՝ քանդված և ոչ պատշաճ տեսքով տարածքները վերածելով հարմարավետ, լուսավոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարանների:
Ըստ մշակված աշխատանքի մոդելի՝ դպրոցները կարող են միրգ և բանջարեղեն աճեցնել՝ միաժամանակ ընդլայնելով դպրոցների կարողություններն ու ծրագրում ներդնելով ժամանակակից, մաքուր և բնապահպանական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարկտային ցանցերն ու արևային կայանները:
Պատվիրակությունն այցելել է նաև «Կենաց հաց» ամբողջահատիկի ակադեմիա ուսուցման կենտրոն և հացի արտադրամաս, որոնք ՊՀԾ-ն աջակցությամբ Տավուշի և Լոռու մարզերի դպրոցահասակ երեխաներին ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց են տրամադրում:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ և ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի հետ տեխնիկական համագործակցությամբ։ ՊՀԾ-ի նպատակն է ծրագիրը լիովին ազգայնացնել մինչև 2030 թվականը:
2020 թվականին ՊՀԾ-ն և Հայաստանի կառավարությունը մեկնարկել են «Վերափոխումների դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը: ՊՀԾ-ն ընդլայնել է իր տեխնիկական համագործակցությունը ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի հետ՝ ներդնելու նոր բաղադրիչներ և գործողություններ։ Դրանք միտված են աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ 10 մարզերում դպրոցական սննդի կազմակերպման նպատակով ներդնել բնապահպանական տեխնոլոգիաներ, այդ թվում նաև արևային կայաններ, դպրոցամերձ այգիներ և ջերմատներ՝ ծրագրում ապահովելով դպրոցականների և ծնողների ավելի մեծ ներգրավվածություն: